2013թ. ռուսաստանցիների ամենահաճախ այցելած ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը 6-րդն է:
Ցանկի համաձայն՝ ԱՊՀ-ի երկրներից ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ այցելվող երկիրն Ուկրաինան է, հաջորդում են Բելառուսը, Ղազախստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ուզբեկստանը:
2013թ. ռուսաստանցիների այցելած ԱՊՀ քաղաքների տասնյակում են Կիեւը, Մինսկը, Օդեսան, Քիշնեւը, Ալմաթին, Բաքուն, Լվովը, Աստանան, Երեւանը եւ Տաշքենդը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հյուրանոցների առցանց պատվիրման Oktogo.ru ծառայությունը:
Oktogo.ru-ի տվյալով՝ ռուսաստանցիների ԱՊՀ այցերի 70%-ը բաժին է ընկնում Ուկրաինային, Բելառուսին՝ 20%-ը, Ղազախստանին՝ 3%-ը, Մոլդովային՝ 2%-ը, ԱՊՀ մնացած երկրներին՝ 1 եւ ավելի ցածր տոկոսը:
Նշվում է, որ նախորդ տարի ռուսաստանցիները միջինը երեք օրով են ԱՊՀ-ում ճանապարհորդել ՝ հյուրանոցում մեկ օրվա համար վճարելով 3,4 հազար ռուբլի:
Ըստ Oktogo.ru-ի 2013թ. ԱՊՀ մայրաքաղաքներ ռուսաստանցիների ամենաերկարատեւ այցերը դեպի Երեւան են եղել՝ միջինը 6 օր, իսկ ամենակարճատեւը՝ Մինսկ՝ երկու օր:
Ռուսաստանցիների ծախսերի համաձայն՝ ապրելու համար ԱՊՀ-ի ամենաթանկ քաղաքներից է Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, իսկ ամենաբյուջետայինը՝ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւը:
Oktogo.ru-ի ցանկը հիմնված է ԱՊՀ տարածքում ռուսաստանցիների պատվիրած հյուրանոցների տվյալների վրա:




























