2013թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967,7 մլրդ դրամ, ծախսերը՝ շուրջ 901,1 մլրդ, ինչը, համապատասխանաբար, պլանի կատարումն ապահովել է 89,9 եւ 84,6 տոկոսով: Եկամտահարկի աճի շնորհիվ ընդհանուր եկամուտների աճի տեմպերն արագացել են 15.1%-ով (126,7 մլրդ դրամ)՝ նախորդ տարվա 10,8%-ի (82,3 մլրդ դրամ) համեմատ: Բյուջեի ավելցուկը կազմել է 66,6 մլրդ դրամ կամ մոտ 164 մլն դոլար:
Պետբյուջեի եկամուտների 94,4%-ը ձեւավորվել է եկամտահարկերի եւ պետտուրքերի (914,2 մլրդ կամ պլանի 89,8%), 5% -ը՝ այլ եկամուտների, 0,6% -ը՝ պաշտոնական փոխանցումների հաշվին:
2012թ. հունվար-նոյեմբերի համեմատ հարկային մուտքերն աճել են 15,4%-ով կամ 122 մլրդ դրամով՝ նախորդ տարվա 11,8%-ի կամ 83,7 մլրդ-ի համեմատ: Հարկային մուտքերի աճն ապահովվել է ԱԱՀ-ի եւ 2013թ.-ից գործող միասնական եկամտահարկի հաշվին, որը միավորում է նախկին եկամտահարկը եւ սոցվճարները: Այս հարկի գծով պետբյուջե մուտք է արվել 224,9 մլրդ դրամ:
Ավելացել է նաեւ պետբյուջեի ծախսերի աճի տեմպը՝ կազմելով 8,4% (69,5 մլրդ դրամ)՝ 2012թ. 4,4%-ի (34,8 մլրդ դրամ) համեմատ:
Եկամտային մասի առավել բարձր կատարողականի արդյունքում բյուջեում ազատ միջոցներն ավելացել են 77,0 մլրդ դրամով՝ պլանային 33 մլրդ-ի համեմատ:





























