Երեւանը դադարել է համայնքների համար պետօգնության բեւեռ լինելուց: Այս մասին հունվարի 15-ին լրագրողներին ասել է ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա՝ 2013թ. ինն ամիսների ընթացքում հանրապետությունում 48 միլիարդ դրամի (118 միլիոն դոլար) կապիտալ ներդրումներ են կատարվել, որոնց երկու երրորդը (67,1%)՝ մարզերում: Համեմատության համար, 2008թ. կապիտալ ներդրումները կազմել էին 63,7 միլիարդ դրամ, սակայն մարզերինը՝ միայն 47,2%:
Կապիտալ ծախսերի համար անհետաձգելի խնդիրները լուծելու նպատակային ծրագրերի շրջանակում կառավարության պահուստային ֆոնդից համայնքները ստացել են շուրջ 7,4 միլիարդ դրամ, մարզպետարանները՝ 1,3 միլիարդ: Միջոցներն ուղղվել են հասարակական շինությունների եւ բնակելի տների տանիքները, ինչպես նաեւ ենթակառույցները նորոգելուն:





























