Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը չի ազդում ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանի վրա, սակայն նա միացել է օրենքի դեմ պայքարին և իր ուժերի չափով կաջակցի բողոքող քաղաքացիներին: Այս մասին NEWS.am-ին ասաց Սուրեն Թադևոսյանը:
«Ես կոնկրետ այսօր ոչ մի տեղ գրանցված աշխատող չեմ, այս օրենքն ինձ վրա չի ազդում, բայց պետք չի մտածել, որ քեզ վրա չի ազդում ու վերջ: Սկզբունքորեն ես դեմ եմ այս օրենքին, սա ձևական չի, ասելով չի միայն. եթե ես մի բան կարողանամ անել, ուրեմն կանեմ»,- ասաց նա։
Պրոդյուսերը կարծում է, որ սոցիալական նման պայմաններում սխալ էր այս օրենքի ընդունումը. «Ժողովուրդն էն աշխատավարձերը չի ստանում, որ 5-10% վճարի ու իր վրա չանդրադառնա, մանավանդ աջ ու ձախ էդքան թանկացումներ են, հիմա էլ թանկացել է գազի սակագինը. դեկտեմբերի համար մարդիկ կրկնակի գազի ու էներգիայի գումար են վճարել: 60 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 3 հազար դրամը բավականին մեծ գումար է»:
Բացի դրանից՝ Սուրեն Թադևոսյանը վստահ է, որ մարդիկ չեն հավատում, որ տարիներ հետո իրենց կուտակած գումարը հետ կբերեն. «Հայաստանն առաջին երկիրը չի, բնականաբար, որ նման օրենք է ընդունում, բայց ուրիշ երկրներում նման հարց չի ծագում, իսկ Հայաստանում, պարզ խոսեմ՝ 10 մարդու հետ զրուցում ես, 10-ից 9-ը, եթե ոչ հենց 10-ն էլ չեն հավատում, որ 30 տարի հետո կստանան այդ գումարները»:
Ռեժիսորը հունվարի 18-ին կայանալիք հավաք-երթի մասին ոչինչ չգիտեր, բայց հնարավորության դեպքում կմասնակցի:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիո ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:





























