Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին զայրացրել է մեղադրյալ կողմի փաստաբան Վաղինակ Գևորգյանի հայտարարությունը, թե հունվարի 15-ին կայացած դատական նիստից հետո Լյուքսի հոր՝ Իշխան Ստեփանյանի՝ կատարած ինքնասպանության փորձը «սրիկայություն» է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հորեղբայրը՝ Մուրադ Մուրադյանը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում թիվ 1 սրիկան Վաղինակ Գևորգյանն է՝ որպես փաստաբան, և թող մեր տեսած ողբերգությունն իր օջախում տեսնի, թող ինքը ինքնասպան լինի, որ զինվորի հորը սրիկա չհամարի»,- վրդովված ասաց Մուրադ Մուրադյանը:

Մուրադյանի խոսքով՝ փաստաբանը բարոյական և իրավական առումներով իրավունք չուներ զինվորի հորը սրիկա անվանել. «Վաղինակ Գևորգյանին կարող ենք համարել Փաստաբանական պալատի ահաբեկիչ, ստոր և ողբերգական անձնավորություն»:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Իջևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել էր դատական առաջին նիստը։ Մուրադ Մուրադյանի խոսքով՝ դատավոր հայտարարել է, որ դատը հետաձգվում է այն պատճառով, որ մեղադրվող կողմի փաստաբանը վթարի է ենթարկվել Երևան-Սևան ճանապարհին:

«Դատավորը դատարանում հայտարարեց, որ Երևան-Սևան ճանապարհին ավտովթար է եղել, և մեքենան էվակուատորով տեղափոխել են Երևան, բայց հարգարժան ու տխրահռչակ Վաղինակ Գևորգյանը նշում է, որ անսարքություն է եղել մեքենայում: Իրար չեն համապատասխանում»,- նշեց Լյուքսի հորեղբայրը:

Մուրադ Մուրադյանի խոսքով՝ մայիսի 15-ի ողբերգական դեպքից հետո ոչ մի անգամ մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի հարազատները չեն այցելել ու չեն ցավակցել սպանվածի հարազատներին. «Մեղադրյալի հարազատները երբեք մեզ հետ չեն կապվել, նույնիսկ մեկ անգամ խնկարկելու չեն եկել Լյուքս Ստեփանյանի գերեզմանին»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է: