ՀՀ բնապահպանության նախարարությունը  ստուգումներ  իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու է՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ՝ նրանց փոխանցելով օրինազանցների վերաբերյալ նյութերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը Արարատյան հարթավայրում առկա խորքային հորերի օրինականությունը պարզելու համար օրենքով սահմանված կարգով վերջին մի քանի տարվա ընթացքում ստուգումներ է իրականացնում:  «Ստուգումների արդյունքում հայտնաբերված ապօրինի հորերի վերաբերյալ նյութերն այս տարիներին փոխանցվել են իրավապահ մարմիններին, որոնց վերաբերյալ էլ այսօր քննություն է ընթանում:  ՀՀ բնապահպանության նախարարությունը  ստուգումներ  իրականացրել, իրականացնում եւ իրականացնելու է՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ՝ նրանց փոխանցելով օրինազանցների վերաբերյալ նյութերը»,- հայտնեց Արմեն Վարդանյանը:

Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ «ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով: Բազում աշխատակիցներ արդեն հարցաքննվել են:

«Բանն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների վերականգնման չափը տարեկան 1 մլրդ 226 մլն խմ է: Այսինքն՝ այս քանակից ավել ջուր վերցնելու իրավունք չունենք: Սակայն Արամ Հարությունյանը, ըստ ամենայնի, նորմայից ավելի շատ ջրօգտագործման թույլտվություններ է հատկացրել, ինչի արդյունքում այսօր տարեկան մոտ 200 մլն խմ ջուր առանց օգտագործվելու լցվում է Արաքս գետը: 1 մլրդ 200 մլն խմ ջուր էլ ձկնային տնտեսություններն են ծախսում: Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վտանգավոր հանցանքի կասկածանքներ ունեն իրավապահները, տեղեկացնենք, այս անխնա ջրօգտագործումը կարող է հանգեցնել նրան, որ Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաեւ Երեւանը տարիներ հետո, մեղմ ասած, ջրի խնդիր կունենան»,- գրել է թերթը։