Չեխիայի ոստիկանությունը Պրահայում Պաղեստինի դեսպանատանը պայթուցիկ սարք է հայտնաբերել: Այն ուղարկվել է փորձաքննության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով «Ասոշեյթեդ Փրես»-ը, որն էլ իր հերթին վկայակոչել է ոստիկանությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պաղեստինի դեսպանի նստավայրում Չեխիայի ոստիկանությունը 12 միավոր զենք է հայտնաբերել՝ արտադրված 1980-ականներին: Պաղեստինի իշխանությունները Պրահայի ոստիկանություն նամակ են հղել, որտեղ պարզաբանել են, որ զենքը Չեխոսլովակիայի ներկայացուցիչների նվերն է:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 1-ին Չեխիայում Պաղեստինի դեսպանի նստավայրում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամեդ Ջամալը վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել էր:

Չեխիայի ոստիկանությունն անմիջապես հայտարարել էր, որ տեղի ունեցածի քրեածին վարկածը չի քննարկում: