Դեկտեմբերի 27-ին սիրիահայ  Բրուտյանների ընտանիքի անդամներին՝ հորը եւ երկու որդիներին, ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել 7 հոգու նկատմամբ: Նրնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Նշենք, որ դեպքից հետո երեք սիրիահայերը դիմել էին հիվանդանոց: Կրտսեր որդու՝ Քրիստի, ձախ աչքի տեսողությունը վատացել է։

Ավելի վաղ ոստիկանությունն այս գործի վերաբերյալ հայտարարել էր, որ դեկտեմբերի 27-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում   ահազանգ  է ստացվել, որ  Երեւանի Տիգրանյան 24 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել:

Նույն օրը, ժամը 17.50-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից, ապա ժամը 18.10-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ բուժօգնության նպատակով իրենց մոտ են տեղափոխվել Արմենակ, Մանուկ եւ Քրիստ Բրուտյանները:

Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնում Սարգիս Բրուտյանը հաղորդում եւ բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, իրենց պատկանող` Տիգրանյան 27 հասցեում գործող ավտոնորոգման կետում ծագած վիճաբանության ժամանակ ինքը եւ Արթուր Կարապետյանը քաշքշել են եւ փոխադարձ հարվածներ հասցրել  միմյանց: Այնուհետեւ Արթուր Կարապետյանը հեռացել է, իսկ ավելի ուշ, ժամը 17.00-ի սահմաններում, խմբով եկել եւ ծեծի են ենթարկել իր հորը՝ Արմենակ Բրուտյանին ու եղբայրներին` Մանուկ եւ Քրիստ Բրուտյաններին:

ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում,  Արթուր Կարապետյանը իր եղբայր Ռազմիկ Կարապետյանի եւ հորեղբոր որդիներ Ռաֆիկ եւ Դավիթ Զոհրաբյանների, Արսեն եւ Գեղամ Կարապետյանների, Գագիկ Գեւորգյանի, Գագիկ Սահակյանի եւ մի քանի այլ ընկերների հետ, վերադառնալով ավտոտեխսպասարկման կետ, ծեծի են ենթարկել Արմենակ, Մանուկ եւ Քրիստ Բրուտյաններին:

Նույն օրը Բրուտյաններին ծեծի ենթարկած անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություններ:

Արմենակ եւ Քրիստ Բրուտյանները տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Արմենակ եւ Մանուկ Բրուտյաններին ցույց է տրվել ամբուլատոր, իսկ Քրիստ Բրուտյանին` ստացիոնար բուժօգնություն:

Հայտնի է, որ Բրուտյաններին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաեւ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ 2 որդիները, որոնց նկատմամբ եւս մեղադրանք է առաջադրվել: