Ոստիկանությունն արձագանքել է ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի, ոստիկանները պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության գործելաոճի հետ:
Այս առնչությամբ, ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է.
«2013 թ. օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի եւ Արգիշտի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու եւ թողնելով պատահարի վայրը՝ հեռացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ: Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը եւ հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու եւ դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ: 2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ: Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է Վ. Կարապետյանի հարեւանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ: Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երեւանում: Այնուհետեւ տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, եւ ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երեւան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը եւ անջատել է հեռախոսը: Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը»:




























