Եզդիների գերեզմանատան վնասման եւ քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որեւէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել: Այս մասին նշված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Նրանց փոխանցմամբ`  այսօր մամուլում հրապարակում է եղել, որ վեց ամիս առաջ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գինու գործարանի տնօրինությունը գործարանի հարեւանությամբ գտնվող խաղողի այգու տարածքն ընդլայնելու եւ բարեկարգման աշխատանքներ կատարելու ընթացքում վնասել է հարակից տարածքում գտնվող եզդիների հին գերեզմանատունը, եւ այդ առնչությամբ ՀՀ եզդիների միության նախագահը դիմել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղ խոստացել են հարցը կարգավորել, սակայն այդպես էլ ոչինչ չի արվել:

«Պաշտոնապես հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. գերեզմանատան վնասման եւ քանդման վերաբերյալ ոստիկանության Բաղրամյանի բաժնում որեւէ դիմում-բողոք կամ հաղորդում չի ստացվել»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:

Նշենք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհրդի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի եզդիական հին գերեզմանատունը քանդվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանի մերձավոր բարեկամ  Սերյոժա Գրիգորյանի թեթեւ ձեռքով: Գերեզմանատունը քանդվել է, որպեսզի այդ տարածքում գինու գործարանի համար անհրաժեշտ այգի կառուցվի: