Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 20-ին,  ժամը 10.00-ին, կկայանա Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով հերթական դատական նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանի փաստաբանը` Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ կապված նիստերը դռնփակ անելու որոշման հետ: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ`  մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարվի գործով նախաքննության ավարտի մասին եւ այն կուղարկվի դատարան, որտեղ էլ կորոշեն մեղավորներին:

Ինչ վերաբերում է տուժող կողմի հայտարարությանը, թե մինչեւ Վարդան Պետրոսյանը չընդունի իր մեղքը, իրենք հաշտեցման չեն գնա, փաստաբանն ասաց, որ կան հանրային եւ մասնավոր մեդադրանքով գործեր,  մասնավորի դեպքում հաշտությամբ քրեական հետապնդումը դադարեցվում է, քրեական գործը` կարճվում, իսկ  հանրայինի դեպքում հաշտությունը ոչ մի ազդեցություն չի թողնում նրա կարգավիճակի համար:

«Վարդանին մեղսագրվող արարքը դասվում է հանրային մեղադրանքի շարքին, եւ հաշտվել-չհաշտվելը դատավարական առումով որեւէ փոփոխություն չի առաջացնում իր կարգավիճակում: Նրան առաջադրված հոդվածով նախատեսվում է պատիժը կրելու բաց ռեժիմ, այսինքն` եթե անձին դատապարտում են, նա պատժի մեծ մասը կրելու է դրսում, միայն գիշերելու է ՔԿՀ-ում, դա օրենքի նորմն է, ոչ մեկ չի կարող փոխել իրավիճակը: Ի՞նչ կապ ունի իրավական առումով քննիչի մոտ իր մեղավոր ճանաչել-չճանաչելը ընտանիքի եւ Վարդանի բարոյական տեսանկյունից հաշտվելու հետ, չէ՞ որ դա մեկը մեկով չպետք է  պայմանավորել: Հարցը պետք է քննարկել բարոյական տեսակետից,  ոչ թե դատավարական իմաստով, Վարդանը ի սկզբանե բարձրացրել է բարոյական խնդիրը` նշելով, որ թշնամի մնալով ոչ այդ երեխաներին օգուտ կտանք, ոչ էլ ապագային, իսկ մյուս կողմը դատավարական խնդիր է բարձրացնում, երկու կողմերը խոսում են տարբեր բաների մասին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա շեշտեց, որ նախաքննական մարմինը բավարար ապացույցներ  ձեռք չի բերել Վարդանին մեղադրանք առաջադրելու համար,  եւ ամեն ինչ անում է, որպեսզի դերասանը իրեն  մեղավոր ճանաչի:

«Ի՞նչ իմաստ ունի մինչեւ դատական նիստը սկսել քննարկել մեղավոր, անմեղության հարցը, գործը կուղարկեն դատարան, այնտեղ էլ հո՞ Վարդանի բերանը չեն փակելու, որ ցուցմունք չտա, դերասանը կխոսի, եւ ես թույլ չեմ տալու, որ նիստերը լինեն դռնփակ, դատարանը կորոշի` ով է ճիշտ ասում, ով` սխալ, այստեղ բարդ բան չկա, ընդամենը տեխնիկական գիտելիքի հարց է, ես կռահում եմ, թե ինչ պատասխան է տալու փորձագետը, եւ եթե նորից փորձաքննություն նշանակեն, կարող է  պատասխանը ստացվի ոչ հօգուտ տուժող կողմի: Առայժմ ես չեմ հրապարակելու իմ ապացույցները, միշտ մի քայլ առաջ եմ իրենից, որովհետեւ կռահում եմ, թե ինչ են նախապատրաստում, պետք է նշեմ, որ տակտիկական քայլերը, որ կիրառում են, լրիվ անիմաստ է, Վարդանը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքով»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: