Հաքերները կոտրել են Շենգենյան տեղեկատվական համակարգի տվյալների բազան։ Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալով՝ նրանք ընդհանուր առմամբ 1,2 մլն ֆայլ են պատճենել։

Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել երկու տարի առաջ, սակայն ոչ ոք այդ մասին չի հայտնել։ Միայն նախորդ տարվա մարտին է Եվրահանձնաժողովը տեղի ունեցածի մասին հայտնել Շենգենյան գոտու երկրներին; Այնուհետեւ տեղեկությունն աստիճանաբար հայտնվել է լրատվամիջոցներում։ Սակայն միայն այժմ են իշխանությունները պաշտոնապես հաստատել այն, հայտնել է Գերմանիայի ՆԳՆ-ի խորհրդարանական քարտուղար Օլե Շրեդերը։

Հաղորդվում է, որ երկու հաքերներ են կոտրել համակարգը եւ պատճենել տվյալների բազայի ֆայլերը, որոնցում տեղեկություն կար հետախուզվող, անցանկալի անձանց, կասկածելի ավտոմեքենաների եւ կեղծ փաստաթղթերի մասին։  Նշվում է, որ 2013թ. սկզբին համակարգում շուրջ 46,5 մլն գրառում է եղել, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Spiegel Online-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Trustwave ընկերության աշխատակիցները, որոնք մասնագիտացած են կիբերանվտանգության գծով, հաքերական սերվեր էին հայտնաբերել, որում խոշորագույն սոցցանցերի գրեթե երկու մլն օգտատերերի անուններ եւ ծածկագրեր էին եղել։

Կիբերհանցագործների ձեռքում էին հայտնվել Facebook-ի 318 հազար,  Gmail-ի եւ YouTube-ի 70 հազար, Twitter-ի 22 հազար եւ ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտատերերի տվյալներ: