Անգլիայի հայտնի վոկալ քառյակը՝ «Հիլիարդ» անսամբլը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանի ցուցահանդեսում հունվարի 22-ին հայկական հոգեւոր երգեր կկատարի, գրում է «The Armenian Weekly»-ն։
«Արխանգելոս՝ երաժշտության հազարամյակ» ծրագիրը կներառի հայկական մի շարք դասական երգեցողություններ եւ մեկ ժամանակակից կոմպոզիցիա։
«Հիլիարդ» անսամբլը Հայաստանի եւ հայկական երաժշտության հետ ստեղծագործական երկարամյա կապ ունի։ 2004թ. խումբը հրավիրվել էր Հայաստան՝ Կոմիտասի կազմած շարականները ձայնագրելու համար։ Կոմիտասի ստեղծագործությունների ինքնատիպ ձայնագրություն էր արվել 13-րդ դարում կառուցված Սաղմոսավանքում, որը գտնվում է Քասախ գետի կիրճի բարձունքում։
Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանը «Արխանգելոս՝ երաժշտության հազարամյակ» ծրագիրն անցկացնում է որպես իր բյուզանդական արվեստի լայն հավաքածուի լրացում։ Հայաստանի երաժշտությունից բացի, համերգի ժամանակ կհնչի նաեւ Ֆրանսիայի 13-րդ դարի եւ Անգլիայի 16-րդ դարի երաժշտություն։





























