Բրնձի տեսքով կաշառք վերցնելու կասկածանքով Ղրղըզստանի Օշի մարզում ձերբակալվել են տեղի դատավորն ու դատախազը:
«ՆԳՆ-ից մենք հաղորդում էինք ստացել տեղի բնակիչ Ս. Ա.-ից, որ տեղի դատարանի դատավորներից մեկն իրեն կալանքով է սպառնում ու շորթում 20 հազար սոմ (400 դոլար) եւ պարկով բրինձ: Փոխարենը դատավորը խոստացել էր իրեն ազատության մեջ թողնել` քրեական գործի քննության ժամանակ», - հայտնել էին հանրապետության գլխավոր դատախազությունում:
«Կարա Կուլջինսկի շրջանի դատախազ Է. Ա.-ն քրեական գործը կասեցնելու համար հայցվորից պահանջել էր 100 հազար սոմ (2 հազար դոլար) կամ մեկ տոննա բրինձ»,- ասել էին Ղրղըզստանի գլխավոր դատախազությունում:
Հունվարի 18-ին Կարա Կուլջինսկ գյուղում ոստիկանները եւ դատախազության աշխատակիցները աշխատասենյակում 11 հազար սոմ վերցնելու պահին ձերբակալել էին դատավորին: Նույն օրը ձերբակալվել էր նաեւ դատախազի վարորդը:
«Ձերբակալման պահին դատախազի ծառայողական մեքենայում հայտնաբերվել էր 50 կգ բրինձ` նախատեսված դատախազի համար», - հայտնել էին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:




























