Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով 2 ձերբակալվածներից մեկի կնոջ խոսքը, որը SMS հաղորդագրություն է ստացել ամուսնուց եւ մյուս ձերբակալվածներից:

Ժամը 08:00-ից հետո լրագրողները սկսել են նկարահանել Գրուշչեվսկի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների դադարի ժամանակ, նրանք շատ են մոտեցել իրավապահների շարքերին, որի արդյունքում «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը ընդհատվել է, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

Ներկայումս նրանք գտնվում են  ձերբակալվածների համար նախատեսված մեքենայում: Այս մասին SMS հաղորդագրության միջոցով տեղեկացրել է 2 ձերբակալվածներից մեկը՝ հավելելով, որ ձերբակալման ժամանակ իրենց ծեծել են:

Բացի այդ, լրագրողները, որոնք լուսաբանում էին ակտիվիստների բախումները ոստիկանների հետ, հայտարարել են, որ ոստիկանությունը նպատակաուղղված կրակել է ռետինե գնդակներով:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ լուսաձայնային նռնակների պայթյուններից նախորդ գիշեր տուժել է նաեւ իրենց լրագրողը: Մինչ այդ նա հասցրել է նկարահանել, թե ինչպես է իրավապահ մարմինների աշխատակիցը նշան բռնում իր վրա: