Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված, 1994թ. ծնված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը ծնողների միակ արու զավակն էր: Հարևանները NEWS.am-ին պատմեցին, որ Արմենը շատ հավասարակշռված ու համեստ երիտասարդ էր:

«Սուսիկ-փուսիկ երեխա էր, առանձնապես փողոց դուրս չէր գալիս: Իրենց երեխեքը շատ դաստիարակված ն, ես որ ավելորդությունն իրենցից չեմ տեսել»,-ասաց հարևաներից մեկը:

Խանութի աշխատողն էլ ասաց, որ Արմենը մինչև զորակոչվելը աշխատել է Փարաքարի կահույքի արտադրամասերից մեկում. «Էնքան խելացի, աշխատասեր, երեխա էր, իրենց ընտանիքը էլ անշառ ընտանիք էր` արվեստ սիրող, հայրը երաժիշտ է»:

Արմենը զորակոչվել էր 2012թ. գարնանը, այսինքն՝ մի քանի ամսից զորացրվելու էր։

ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը։