Վերջերս ակտիվորեն շրջանառում է այն գաղափարը, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը կարող է գոյություն ունենալ ու զարգանալ նաեւ առանց վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններին: Նա ընդգծել է, որ Ֆեթուլլահ Գյուլենը կփորձի Էրդողանին դուրս բերել իշխող կուսակցությունից, ինչը շահավետ կլինի նաեւ հենց վարչապետի համար:
Շաքարյանի խոսքով՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը աջ, ձախ, ազգայնական, դեմոկրատական, իսլամիստական կուսակցությունների համախումբ է: «Այդ կոալիցիայի մեջ ամենաուժեղ թիմը Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» թիմն է»: Այսօր նրանք փաստացի իրար դեմ են աշխատում:
Եթե նայել Թուրքիայի քաղաքական դաշտին, ապա կարելի է տեսնել, որ բացի իշխող կուսակցությունից կա նաեւ ընդդիմադիր Ազգային-հանրապետական քեմալական կուսակցությունը, որը հիմնականում ասոցացվում է զինվորականների հետ եւ Գյուլենի շարժման այլընտրանք չէ: «Պետք է խոսել իշխող կուսակցության պահպանման մասին՝ առանց Էրդողանի»: Նա նշել է, որ Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահը պետք է հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից, իսկ Էրդողանը ցանկանում է զբաղեցնել այդ պաշտոնը:




























