Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, միայն 2013թ. ընթացքում բարեկարգված ավելի քան 400 բակերում տեղադրվել են 380 մանկական տարբեր խաղեր, շուրջ 700 մարզական գույք, 1700 նստարաններ, 200 զրուցարաններ ու ֆուտբոլի 19 փոքր խաղադաշտեր: Որոշ բակերում տեղադրվել են նաեւ ցայտաղբյուրներ ու շատրվանային փոքրիկ համալիրներ:

2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 240 բակերում էլ ընդհանուր գումարով 11990 քմ մակերեսների նկարազարդման աշխատանքներ են իրականացվել: Հարմարավետ ու բարեկարգ մայրաքաղաք ունենալուն ուղղված քաղաքային իշխանության որդեգրած այս քաղաքականությունը 2014 թվականին էլ նշանակալի զարգացումներ կունենա: Բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով արդեն իսկ ամրագրված ու հաստատված եւս 400 բակերի բարեկարգման աշխատանքները գարնանից սկսած գործնական ընթացք կստանան:

Գործընթացը բոլոր բակերում այս տարի եւս իրականացվելու է նույն սկզբունքներով, չափորոշիչներով ու մոտեցումներով: 2014-ին բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում շարունակական է լինելու նաեւ Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը: