Ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում խախտվել են նախկին ծառայողի իրավունքները: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրությունում:

Ըստ այդմ, նշվում է, որ ոստիկանության կենտրոնական ապարատում երկար տարիներ ծառայած աշխատակիցը 1998 թվականին սահմանված կարգով անցել է կենսաթոշակի: Ծառայության ընթացքում ձեռք բերված սրտանոթային տարբեր հիվանդությունների խորացումը 2009թ.-ին նրա մոտ հանգեցրել է ուղեղի իշեմիկ կաթվածի: Ոստիկանության նախկին ծառայողը բազմիցս դիմել է Ոստիկանություն, որպեսզի իրեն տրամադրեն հիվանդության՝ ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթուղթ, սակայն ապարդյուն:

Օմբուդսմենի կողմից առաջարկ է ներկայացվել Ոստիկանություն՝ ապահովելու համապատասխան փաստաթղթի տրամադրումը , քանի որ Կառավարության որոշման համաձայն` հիվանդությունների, վնասվածքների` ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքի որոշումը եւս մտնում է իրենց լիազորությունների մեջ, սակայն Ոստիկանությունը հրաժարվում է դա անել եւ տրամադրում է միայն առողջական վիճակի վերաբերյալ ոստիկանությունում առկա ընդհանուր տեղեկատվություն:

Այսպիսով, Ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում խախտվել են նախկին ծառայողի իրավունքները, եւ Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում: