Իտալիայում մաֆիոզ խմբավորումների միջեւ տեղի ունեցած հաշվեհարդարի զոհ է դարձել եռամյա մի տղա: Այs մասին հունվարի 20-ին հայտնում է Agence France-Presse-ը:

Հաղորդվում է, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է  երկու մեծահասակների մարմինների մնացորդների հետ`  Կալաբրիայի Կասանո ալլո Յոնիո քաղաքում, գրում է The Local-ը: Նրանց ինքնությունը ճշտվել է` տղայի 52-ամյա պապ Սալվադորե Յանիչելին եւ վերջինիս 27-ամյա ընկերուհին Մարոկոյից:

Ըստ քննության` երեքին էլ սպանել էին, որից հետո մարմիններն այրել էին մեքենայում: Ընդ որում` մեծահասակներից մեկի մնացորդները հայտնաբերել էին մեքենայի հետնամասում:

Յանիչելին տնային կալանքի տակ էր, քանի որ իրավապահ մարմինները նրան մեղադրել էին թմրանյութերի վաճառքին մասնակից լինելու մեջ: 2012թ. նրան կասկածում էին նաեւ առեւանգման եւ սեռական բռնության մեջ: 

Սպանված տղան պապի հետ էր ապրում, քանի որ  մայրը` Յանիչելիի դուստրը, այժմ իր պատիժն է կրում Իտալիայի բանտում` թմրանյութերի վաճառքի համար: Երեխայի հայրը բանտարկված է նույն մեղադրանքով:

Կալաբրիայի շրջանը գտնվում է Իտալիայի հարավում, այն Նդրանգետի մաֆիոզ խմբավորման հենակետն է: Այդ կազմակերպությունը վերահսկում է Լատինական Ամերիկայից Եվրոպա ներմուծվող կոկայինի մեծ մասը, հայտնում է lenta.ru-ն: