Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանի ընտանիքը որեւէ տեղեկություն չունի նրանից եւ խիստ անհանգստացած է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա կինը՝ Հասմիկը:

Նա տեղյակ չէր, թե ինչ է եղել, քանի որ ամուսնու հետ օրեր շարունակ չի կարողացել խոսել, ընկերներից էր զանգում եւ տեղեկանում, թե նա ոնց է, իսկ իրեն հայտնում էին, որ Արմանը շատ զբաղված է, հոգնած է, նորակոչիկներ են եւ այլն: «Ամսի 13-ին զանգահարեց, ասաց՝ չվախենաս, չմտածես, ամեն ինչ նորմալ է, ստեղ ինչ-որ թյուրիմացություն է եղել, ասի՝ Արման ինչ է կատարվում, ասաց news.am-ը կարդա, մտա, նայեցի, որ ինչ-որ զինվորի հետ բաներ է կատարվել, բայց իր անունը չկար, մտածեցի դե թյուրիմացություն է, ուշադրություն չդարձրի: Մի անգամ էլ նույն օրը ուշ երեկոյան զանգահարեց, ասաց վաղը գնում եմ քննչական, ասի՝ Արման, դու կապ ունես, ասաց՝ չէ, ոչ մի բան չկա, զինվորական  գործ է, ես էլ պետն եմ, պետք է գնամ, կհարցաքննեն, եթե թողնեն, էնտեղից տուն կգամ, կամ էլ կարող է ուղարկեն զորամաս, մի քանի օրից կգամ»,- պատմեց զինծառայողի կինը:

Դրանից հետո նա մի քանի օր սպասում է ամուսնուն, սակայն նա չի գալիս, ընկերները զանգում են կնոջը եւ հայտնում, որ Արմանին ձերբակալել են, մի քանի օր կմնա, ուրբաթ օրը նիստը կլինի եւ կազատեն: Ամուսինը կնոջը փոխանցել է, թե մի անհանգստացիր, ոչ մի բան չկա, կհանգստանամ, վերջապես կքնեմ, այս տարի չեմ քնել: «Անհանգիստ, ոչ մի լուր չունեինք, սպասում եմ, սպասում եմ, զանգահարում են ուրբաթ օրը երեկոյան եւ ասում են, թե մինչեւ դատը իրեն կպահեն, կալանավորել են, ոչ ոք ոչինչ չգիտի, ես ոչ մի տեղեկություն չունեմ, սպասում են երբ եւ ուր կտեղափոխեն նրան: Նույնիսկ կալանքի օրը դռնփակ նիստով է քննվել, հայրը այնտեղ էր, չեն թողել ներս մտնել»,- պատմեց Հասմիկը:

Նա շեշտեց, որ անհնար է՝ իր ամուսինը որեւէ զինվորի մատով կպներ, այդ մասին կասեն նրա բոլոր զինվորները, նրանց ծնողները, «կարող են ասել, թե չի նկատել, որ զինվորի մոտ թոքաբորբ կա, բայց ով չի սխալվում, թերանում իր աշխատանքի մեջ, ուղղակի ինքը բժիշկ է, իրավունք չունի»: «Աղջիկ ունեմ՝ 1,5 տարեկան, ով սովոր է հեռախոսով իր հետ խոսել ու այս քանի օրը անընդհատ լացում, պապա է կանչում, ես չգիտեմ էլ ինչ անեմ, քանի հոգու զանգել, խնդրել եմ Արմանի ձենով խոսեն, որ երեխեն քնի, բայց ինքը լացում է, ասում է՝ չէ, էդ պապան չի, պապային եմ ուզում»,- նշեց Արման Թադեւոսյանի կինը՝ հավելելով, որ հունվարի 18-ին իրենց ամուսնության 3 տարին էր:

Նա հիվանդանոց տեղափոխված Մհեր Խլղաթյանին շուտափույթ ապաքինում է մաղթում, եւ ցանկանում է, որ արդար, նորմալ քննություն լինի:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինծառայողին դաժան ծեծի են ենթարկել, իսկ հիվանդանոցի տնօրենը նշում է, որ նրա մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հոսպիտալացվել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել է հունվարի 17-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով:

Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել են հունվարի 18-ին, նրանց մեղադրանք է առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով: