«ԱրմենՏելը» պատրաստ է համագործակցել եւ աջակցել հայ ծրագրավորողներին՝ մոբայլ հավելվածների ստեղծման եւ զարգացման հարցում: Այս մասին հայտարարեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Ծաղկաձորում կայացած «Mobile Developer Day» համաժողովի մասնակից մոբայլ հավելվածներ մշակող հայաստանյան ընկերությունների հետ քննարկման ժամանակ, որն «ԱրմենՏելի» աջակցությամբ կազմակերպել էր «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» հիմնադրամը:
Ըստ նրա՝ մոբայլ հավելվածների շուկայում հայերեն բովանդակությամբ եւ հայաստանցիների համար անհրաժեշտ կոնտենտ գրեթե չկա: «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով աշխարհի տելեկոմունիկացիոն ընկերությունները բարդ իրադրությունում են հայտնվել: Նշեմ, որ համաշխարհային շուկայում ձայնային հեռահաղորդակցման 20 տոկոսը պատկանում է Skype-ին, ինչը շատ լուրջ ցուցանիշ է, այդ իսկ պատճառով տելեկոմունիկացիոն ընկերությունները հետագայի զարգացման ուղիներ են փնտրում: Հայաստանում տարբեր տեսակի կոնտենտի հավելվածների պահանջարկ կա: Դրանում վստահ եմ, եւ մենք պատրաստ ենք օգնել: Առաջին հերթին, որովհետեւ դա անհրաժեշտ է մեր հաճախորդին, իսկ հաճախորդը «սուրբ է», եւ բացի այդ կարելի է հավելվածներ պատրաստել, որոնց համար մարդիկ պատրաստ են վճարել»,- նշեց նա:
Քննարման մասնակիցները, այդ թվում 7 ընկերությունների ներկայացուցիչները ակտիվ քննարկում սկսեցին մոբայլ հավելվածների զարգացման վերաբերյալ:
Իրականում Հայաստանում բազմաթիվ հավելվածներ են ստեղծվում, սակայն հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար: Դրանց որոշ մասն այսօր iStore-ում բեռնման քանակով ու օգտագործելությամբ համաշխարհային առաջատարների թվում են, սակայն Հայաստանում շուկայի զարգացման խոչընդոտները բազմաթիվ են՝ սկսած վատ աշխատող առցանց ARCA համակարգից մինչեւ շուկայի սահմանափակություն: Այդուհանդերձ կան ծրագրեր, որ որոշ խոչընդոտների վերացման դեպքում կարող են դյուրին դարձնել կենցաղը: Օրինակ iPad-ի համար կա գրված կրթական ծրագիր, որի միջոցով աշակերտը կարող է կատարել տնային աշխատանքը, իսկ ուսուցիչը ստուգել ոչ միայն պատասխանը, այլեւ հետեւել երեխայի կատարած ողջ գործողությանը, այդ թվում կատարած սխալներին: Կամ կա թատրոնների տոմսերի ձեռք բերման հավելված, որն ի դեմ գրվել է անվճար, բայց հավելվածի միջոցով տոմսերի սպառումը խսիտ սահմանափակ է տեղի ունենում, քանի որ Հայաստանում կա առցանց գնումներ կատարելու միայն մեկ համակարգ, որը միջազգային տենդենցների հետ համեմատ գտնվում է արդեն «քարի դարում»:
Պարզվեց, որ ինտերնետում հայերեն կոնտենտի բացակայության պատճառներից մեկն էլ «Լույս» հրատարակչությունն է, քանի որ նրան են պատկանում ժամանակին լույս տեսած գրքերի մեծ մասի հեղինակային իրավունքները: «Երբ ցանկանում էինք գրքերը թվայնացնել, հրատարակչությունից ասացին, որ հեղինակային իրավունքն իրենց է պատկանում: Ասացինք, լավ ասեք ինչ գումարի մասին է խոսքը: Պատասխանեցին, որ պետք է մտածեն: Մինչեւ հիմա ոչինչ չեն պատասխանել»,- ասաց քննարկման մասնակիցներից մեկը:
Հայերեն կոնտենտի խնդիրն իսկապես արդեն օրհասական է դարձել, որովհետեւ հատկապես նոր սերունդը ինֆորմացիայի աղբյուր է օգտագործում ոչ թե գիրքը, այլ պլանշետը կամ սմարթֆոնը, իսկ iStore-ում կամ Google Play-ում հայերեն գրքեր պարզապես չկան, սակայն դրանք անհրաժեշտ են:




























