Մարզերում փաստաբաններից ոմանք աշխատում են նվաստացուցիչ պայմաններում, չունեն գրասենյակ: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ նույնիսկ դեպքեր են եղել, երբ հաճախորդներն փաստաբաններին անգամ փորձել են բնամթերքով փոխհատուցել: Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով փորձելու են այնպես անել, որ պալատին տրամադրվի անվճար սենյակ եւ մարզի փաստաբանները շաբաթվա ընթացքում գոնե մեկ օր անվճար օգնություն կտրամադրեն բնակիչներին:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբաններին առնչվող օրենքի վիճահարույց նախագծերի շրջանառությունից հանվելը ՓՊ նախագահը գնահատեց փաստաբանների միահամուռ կամքի եւ լրագրողների հետ համագործակցության արդյունք՝ հույս հայտնելով, որ փաստաբաններին հաշվառելու համար 60 հազար դրամ տարեկան տուրք գանձելու նորմը այլեւս չի վերադառնա:
Այս անգամ եւս Արա Զոհրաբյանը անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին, որտեղ հիշատակվում էին նաեւ միջնորդ-փաստաբանները: ՓՊ նախագահն շեշտեց, որ միջնորդ-փաստաբաններին պատերազմ են հայտարարել եւ ամեն գնով ազատվելու են նրանցից: Նա նշեց, որ բազմաթիվ փաստաբաններ գիտեն, որոնց կասկածում են պետական մարմինների հետ համագործակցության մեջ՝ ի վնաս մեղադրյալի շահերի, բայց քանի դեռ կոնկրետ փաստեր չունեն, ոչինչ չեն կարող անել կամ հայտարարել՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը:




























