Չինաստանում համացանցից օգտվողներին պարտավորեցրել են վիդեոհոսթինգներում իրական անուններով գրանցվել: Այս մասին տեղեկություն է հայտնվել ՉԺՀ  ռադիոյի եւ հեռուստատեսության պետական վարչության  (SARFT) կայքում:

Օգտվողը տեսանյութ ավելացնելիս պետք է ինքնությունը հաստատի՝ կայքի աշխատակազմին ներկայացնելով անձնագրի պատճենը, գրում է lenta.ru-ն:

Ըստ իշխանությունների՝ նման որոշումը պայմանավորված է «հանրության համար վտանգավոր վիդեոքոնթենթի» տարածումը կանխելու համար:  Արգելքը տարածվում է միայն Չինաստանում գրանցված կայքերի վրա:

Վիդեոհոսթինգները Չինաստանում մեծ տարածում ունեն, վիդեոքոնթենթի վերբեռնման ծառայությունից երկրում օգտվում է մոտ 428 մլն մարդ:

Քանի որ երկրում YouTube-ն արգելափակված է, օգտվողների մեծ մասը չինական նմանօրինակ կայքերից են օգտվում: