Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2011 թվականի տարեվերջից  մշտական բնակության վայր չունեցող, անօթեւան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2014 թվականի հունվարից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատին կից անօթեւանների ժամանակավոր կացարանը միավորվել է Հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շենքում գործող անօթեւանների ժամանակավոր կացարանի հետ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե վերամիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է ժամանակավոր կացարան, զրուցել կացարանի շահառուների հետ: Նա, ի դեպ, դատարկաձեռն չէր այցելել: Երեւանի քաղաքապետարանը շահառուներին  քաղցրավենիք էր տրամադրել:

Նշենք, որ ծրագրի մեկնարկից մինչ 2013 թվականի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել եւ ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթեւան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Վերամիավորման արդյունքում կացարան է տեղափոխվել եւս 43 շահառու:

«Ծրագրի իրագործմամբ քաղաքապետարանը, ըստ էության, 2 կարեւորագույն խնդիր է լուծել:  Առաջնահերթ հավաքագրել եւ ժամանակավոր կացարան, ինչպես նաեւ սոցիալական տարաբնույթ աջակցություններ է տրամադրել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթեւան անձանց։ Եվ երկրորդ. աշխատանքներ են ծավալվել հանցագործությունների սոցիալական կանխարգելման ուղղությամբ, հատկապես՝ քրեակատարողական հիմնարկներից վերադարձած եւ ապա անօթեւան  դարձած անձանց ժամանակավոր կացարանի տրամադրմամբ, սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցմամբ, իրավական եւ խորհրդատվական աջակցություններով, որոնք կրկնահանցագործությունների առումով կանխարգելիչ արդյունավետություն ունեն, եւ ի վերջո նպաստել են այդ անձանց սոցիալական ինտեգրմանը հասարակական կյանքին» ,- նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Այնուհետ կացարանի աշխատակազմի հետ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականին նախատեսված ծրագրերն ու դրանց իրականացման ուղղությամբ տարվելիք աշխատանքները: