Այսօր' ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր նախաձեռնել են մոմավառություն՝ ի հիշատակ հերոս զինվորի:
«Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին: Թող թշնամին իմանա, որ մենք' հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին: Մահն իմացյալ' անմահություն է...»,- գրել է օգտատերերից Աշոտ Սարգսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։




























