«Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի կողմից ծեծի ենթարկված «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյանը դեռ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանը:
Նա նշեց, որ դանակահարողը՝ Հովհաննես Հարությունյանը, քննիչի հետ այցելել է հիվանդանոցում գտնվող Գրիգոր Ամիրյանին, ներողություն է խնդրել նրանից, ինքն էլ ներել է, հաշտություն է եղել եւ նշել են, որ բողոք չկա:
Այս կապակցությամբ զրուցեցինք նաեւ «Հայազնի» մամուլի պատասխանատու Արմեն Հովհաննիսյանի հետ, ով հաստատեց, որ նման դեպք եղել է: Նա նշեց, որ Գրիգոր Ամիրյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հարցին, թե «Հայազն»-«Զորակն» միջադեպի պատճառը «Ֆեյսբուքում» գրած ստատուսն էր, մամուլի պատասխանատուն պարզաբանեց, որ համապատասխան խմբի հետ լարված հարաբերություններ են եղել բավական երկար ժամանակ, պետք չէ առիթը եւ պատճառը նույնացնել, հնարավոր է առիթը ստատուսն է եղել, հնարավոր է ավելին է եղել:
Հիշեցնենք, որ «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:
«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը»,- հայտարարել էր կուսակցությունը:
«Զորակն» հիմնադրամի հիմնադիր Կարեն Վրթանեսյանն էլ «զրպարտանք եւ կեղծիք» էր որակել «Հայազնի» տարածած տեղեկությունը:




























