«Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի կողմից ծեծի ենթարկված «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյանը տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին «Արմենիա» բ/կ-ից:

Նա այժմ գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում: Գրիգոր Ամիրյանի առողջական վիճակը այժմ գնահատվում է կայուն, նա ապաքինվում է: Դեռ հայտնի չէ` Գրիգոր Ամիրյանը երբ դուրս կգրվի հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:

«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը»,- հայտարարել էր կուսակցությունը:

«Զորակն» հիմնադրամի հիմնադիր Կարեն Վրթանեսյանն էլ «զրպարտանք եւ կեղծիք» էր որակել «Հայազնի» տարածած տեղեկությունը: