Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդել «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի՝  «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրյանին դանակահարելու մասին:  NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Գրիգոր Ա.-ն: Նա հայտարարել է, որ «Հայաստան» հանրախանութի մոտակայքում սուր գործիքով հարվածել են իրեն:  

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երեւանի Երզնկյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ, 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն դանակով հարվածել է Գրիգոր Ա.-ին` պատճառելով  վնասվածք:

Պարզվել է նաեւ, որ նույն միջադեպի ընթացքում Կարեն Վ.-ն երկու անգամ ձեռքով հարվածել է Գրիգոր Ա.-ի ընկերոջ` 1985 թ. ծնված Դավիթ Խ.-ի դեմքին` պատճառելով վնասվածքներ, իսկ քաշքշուկին մասնակից մյուս  անձինք  ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել նրան:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց, Հովհաննես Հ.-ին եւ Կարեն Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Հիշեցնենք, որ «Հայազն» կուսակցության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Վրթանեսյանին պատկանող եւ նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք եւ կտրելով արյունատար անոթը:

«Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը եւ Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը»,- հայտարարել էր կուսակցությունը:

«Զորակն» հիմնադրամի հիմնադիր Կարեն Վրթանեսյանն էլ «զրպարտանք եւ կեղծիք» էր որակել «Հայազնի» տարածած տեղեկությունը: