Ուկրաինայի Մայդանը մեծ հույս է կապում Արեւմուտքի աջակցության հետ: Ակնհայտ է, որ Բրյուսելը պատրաստ չէ Կիեւի դեպքերի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուն: Այս մասին հունվարի 21-ին «Ուկրաինայում իրավիճակը» քննարկման ժամանակ ասել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:
Ըստ նրա՝ Կիեւում կատարվածի առնչությամբ Ուկրաինայի իշխանությունների արձագանքը միանգամայն անհամարժեք է, իշխանություններն ընդդդիմության հետ որեւէ իրական երկխոսության գնալու ցանկություն չունեն: «Ես լիովին աջակցում եմ Մայդանին եւ բարձրացված բոլոր պահանջներին», - ասել է Շահնազարյանը: Նա հավելել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 1-5-ն ինքը Կիեւում էր եւ համոզվել է, որ ռազմավարական առումով Ուկրաինային հնարավոր չէ հետ կանգնեցնել եվրոպական ուղուց, սակայն մարտավարական առումով՝ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ: Ըստ նրա՝ եթե հետագայում էլ այդպես շարունակվի, ապա Ուկրաինայում գալիք նախագահական ընտրությունները կընթանան Հայաստանի նմա, այսինքն՝ ամբողջությամբ կկեղծվեն:




























