ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում, անհեթեթ է համարել ենթադրությունները, թե ինքը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է:

Մասնավորապես, Սնոուդենն ընդգծել է, որ ինքը «ակնհայտորեն եւ միանշանակ գործել է միանյակ, առանց որեւէ մեկի, առավել եւս որեւէ կառավարության օգնության: «Ռուսական լրտեսի» մասին հայտարարություններն անհեթեթություն են»,-ասել է նա հարցազրույցում, որը Մոսկվայից կոդավորված ալիքների միջոցով տվել է ամերիկյան New Yorker ամսագրին:

Նրա խոսքով՝ իր ռուսական լրտես չլինելու մասին է վկայում այն, որ սկզբում ինքը մեկնել է Հոնգկոնգ, իսկ հետո մնացել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: «Լրտեսների հետ ավելի լավ են վարվում»,-ասել է Սնոուդենը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի հանձնաժողովի նախագահ Մայք Ռոջերսը ենթադրել էր, որ Էդվարդ Սնոուդենը, հնարավոր է, նախքան ԱՄՆ-ից փախչելը (2013-ի մայիս) աշխատել է Ռուսաստանի օգտին:

Բացի այդ, Քալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Դայան Ֆայնսթայնը, որը գլխավորում է Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, հայտարարել էր, որ Սնոուդենը «ամբողջությամբ կարող էր Ռուսաստանից օգնություն ստանալ», սակայն դրա ապացույցները դեռեւս չկան:

ՀԴԲ-ն շարունակում է համարել, որ Սնոուդենը գործել է միայնակ:

Վաշինգթոնը Ռուսաստանին կասկածում է Սնոուդենին օգնելու մեջ