Գյումրիում նախորդ տարի հնչած կրակոցների գործով, որի հետեւանքով մահացել էր «Շեկոն», նախաքննությունն ավարտվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում կալանավորված, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբանը՝ Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, այն ուղարկում են դատարան, իսկ Վահե Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ: Փաստաբանն ասաց, որ Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ համարում է, որ ինքնապաշտպանվել է: «Ինքը մենակ է եղել, երկու հոգի իր դեմ, ինքը ստացել է մարմնական վնասվածք, առաջինը իր վրա են սկսել կրակել, իսկ քննիչը գտնում է, որ առաջին կրակոցները Վահեի կողմից են եղել, այս հանգամանքից էլ կախված է գործի ելքը»,-ասաց Հայկ Ալումյանը:
Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը ենթադրում է 8 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը (Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին) խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գեւորգ Խաչատրյանի («Քավոր Հարութի» որդին) նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվել է՝ ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:




























