Կրթության եւ գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, առաջարկում է վերացնել պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բուհերում սովորողների տարկետման իրավունքը՝ փոփոխություն կատարելով «Զինապարտության մասին» օրենքում:

Այս հարցը կքննարկվի կառավարության հունվարի 23-ի նիստում: ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ տարկետման իրավունքով սովորելով՝ արտերկրում արական սեռի քաղաքացիները խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից, որն էլ «իր հերթին, խթանում է բնակչության արտագաղթին, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»:

Նախարարն առաջարկում է հատուկ կարգ սահմանել տարկետում տրամադրելու համար ՝ փոխելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ սահմանելով գրավ՝ 8.5 մլն դրամ:

«Պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր կնքելով տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու եւ ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար»,- ասված է օրենքի նախագծի մեջ: