ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանն ընտրվել է որպես 20 նպատակային երկրներից մեկը` գիտության, տեխնոլոգիայի, ինովացիաների եւ համագործակցության ոլորտներում ԱՄՆ-ի ՄԶԳ նախագծերի համար: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:

Հաշվետվության մեջ նաեւ ասվում է, որ 2013թ. ընդլայնվել է hայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը:

Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելություն է կատարել Վաշինգտոն, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ համագործակցության ընդլայնման համատեղ քայլերի, ինչպես նաեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթաց սկսելու շուրջ: Այցի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։

Նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել հայ-ամերիկյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում հայտարարվել է ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության կողմից Որոտանի կասկադում 180 մլն. դոլարի ներդրման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Սեպտեմբերի 18-ին Հայաստան է այցելել Քալիֆորնիայի Նահանգային ժողովի պատվիրակությունը, որն այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: