Guccifer ծածկանվամբ հանդես եկող հաքերը, որը 2013թ. կոտրել էր ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների  էլեկտրոնային փոստարկղը,  կալանավորվել է Ռումինիայում։

Ոստիկանությունը հրաժարվել է հայտնել կալանավորվածի անունը՝ նշելով միայն անվան սկզբնատառերը՝ LML։ Պաշտոնական տվյալով՝ հաքերը կասկածվում է գաղտնի տեղեկատվությանը տիրանալու համար ռումինացի պաշտոնյաների եւ հայտնի մարդկանց էլեկտրոնային փոստերը կոտրելու մեջ», հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ռումինական մամուլի տվյալով՝ հաքերը տեղի 40-ամյա բնակիչ Մարսել Լազեր Լեխելն է, որը նախկինում դատվել էր հաքերային գործունեության համար։

Guccifer-ը հայտնի էր դարձել 2013թ.՝ Ջորջ Բուշ ավագի հարազատների փոստարկղերը կոտրելուց հետո: Հակերի մյուս զոհերից են ԱՄՆ-ի Ազգային հետախուզական խորհրդի ղեկավար Քրիստոֆեր Քոյմը, միլիարդատեր Ջոն Դուերը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Կոլին Պաուելը, Հիլարի Քլինթոնի նախկին խորհրդական Սիդնի Բյլումենթալը:

2013թ. Guccifer-ը համացանցում տեղադրել էր Բուշ ավագի լուսանկարները հիվանդանոցի մահճակալին եւ Բուշ կրտսերի ինքնանկարը, որտեղ վերջինս իրեն մերկ էր պատկերել լոգարանում: Բացի դրանից, հրապարակել էր Քոլին Փաուելի եւ Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Կորինա Կրետուի անձնական նամակագրությունը, ի թիվս այլոց նաեւ՝ սիրո խոստովանությունը:

Ավելի վաղ ենթադրվել էր, որ Guccifer-ը գործում է Ռուսաստանի տարածքում, քանի որ հաքերը նամակներ էր ուղարկում ռուսական IP-հասցեով: