Մոսկվայի  քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են երկու ազդեցիկ «օրենքով գողերի» ՝ 64-ամյա Վիկտոր Ռիժենկովի՝ («Պետրովիչ Կազախստանսկի»)  եւ 54-ամյա Օթարի Տոտոչիայի հանդիպումը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Բատյա անունով, հայտնում է «Փրայմ Քրայմը»:

Խուզարկության ժամանակ Ռիժենկովի մոտից  առգրավվել է 7 գրամ հերոին, իսկ Տոտոչիայի մոտ կեղծ անձնագիր՝ Վլադիմիր Գրեբենշչիկովի անունով:

Գործակալության տվյալով՝ ձերբակալված «օրենքով գողերը»   «հին գվարդիայից» են եւ տիտղոսը առաջին տասնամյակը չէ, որ կրում են: Չնայած հիվանդություններին եւ պատկառելի տարիքին, երկու վետերաններն էլ գողական միջավայրում առանձնանում են բարձր ակտիվությամբ՝ մշտապես հայտնվելով իրավապահների տեսադաշտում:

Պետրովիչը վերջին անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել էր 2010թ.՝ թմրանյութեր պահելու համար, սակայն պայմանական ժամկետ էր ստացել: Դրանից մեկ տարի առաջ էլ  Տոտոչիան էր համանման հոդվածով երկու տարվա ազատազրկման դատապարտվել: