Ադրբեջանական դիրքերում դիտարկվում է որոշակի լարվածություն՝ հունվարի 20-ի միջադեպից հետո: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է Հայասանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հավելել է, որ հակառակորդի անհանգստությունը կապված է պատասխան գործողությունների ակնկալիքի հետ:
Օհանյանը պարզաբանել է, որ լարվածություն կա ոչ միայն ղարաբաղյան դիրքերում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, այլեւ՝ հյուսիս-արեւմտյան ուղղությամբ: «Ադրբեջանցիների հարձակումները հետ են մղվել կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ու նրա մարտական ընկերների ինքնազոհողության շնորհիվ: Հակառակորդի ցանկացած ագրեսիվ գործողություն արժանի հակահարված կստանա»,-ընդգծել է նախարարը: Նա նաեւ նկատել է, որ հայկական կողմը չի պատասխանում պատահական կրակոցներին՝ միայն դիպուկահարների կրակոցներին ու կոորդինացված կրակին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ը հունվարի 19-ի գիշերը միաժամանակ դիվերսիոն երկու փորձեր էին ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Փոխհրաձգության ընթացքում մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:




























