ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա մարտի 14-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ հայրը լավ է, գտնվում է կալանավայրում, որեւէ նորություն չկա գործից, սպասում են դատին: Դստեր տեղեկություններով՝  երկու դատական նիստ է լինելու, որոնցից մեկը վերաբերում է բուն գործին, մյուսն էլ՝ հորը՝ խալաթով դատարան տանելուն:

Լիլիթը նշեց նաեւ, որ առայժմ որեւէ բան չեն ձեռնարկել, որպեսզի դատի ավարտից հետո հայրը տեղափոխվի Հայաստան եւ պատիժը կրի այստեղ:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել է ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը հարությունյանը հրաշքով է ողջ մնացել:

Հարությունյանը լիովին խոստովանել է իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ են ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: