Կառավարության որոշմամբ Ռադիոիզոտոպների արտադրության արտադրամասի ստեղծման նպատակով սարքավորումների ներմուծման մաքսազերծման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2014 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 332 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է Գործադիրի հունվարի 23-ի նիստում:

Բժշկական իզոտոպների կենտրոնի շինարարությունն անցկացվում է Բելգիայի KBC բանկի աջակցությամբ եւ համակարգվում Հայաստանի  ազգային մրցունակության հիմնադրամի կողմից: Այն կառավարող ընկերությունն է դառնալու ամերիկյան Global Medical Solutions-ը, որը ղեկավարում է ծագումով հայ Հայկ Բաքերջյանը:

Միջուկային բժշկության գերազանցության կենտրոն հիմնելու մասին որոշումը կայացվել էր 2008թ. փետրվարին: Կենտրոնը գտնվելու է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայում, դրա ստեղծման արժեքը կազմելու է 30 միլիոն եվրո: Բելգիական «IBA Molecular»-ի  պրոտոնային արագացուցիչը 5 միլիոն կարժենա: Այդ գումարի վարկը տրամադրելու է KBC-ն՝  11 տարով,  առանց տոկոսադրույքի: