Աշտարակի բնակիչ Լեւոն Ա.-ն մեղադրվում է գյումրեցի անչափահաս բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու եւ նրան հղիացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ Լեւոն Ա.-ն, Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչ, ակնհայտ 16 տարին չլրացած Է. Վ.-ի հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել, որից հետո նրանք որպես ամուսիններ շարունակել են ապրել ամուսնական կյանքով: Այդ ընթացքում Է. Վ.-ն հղիացել է:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի հատկանիշներով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը քննվելու է Ապարանի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























