Լոռիի մարզում Ֆրանսիայի քաղաքացին փորձել է 15 հազար դոլարով երեխա գնել, սկայն միջնորդներին հաջողվել է անգամ 2 հազար դոլարով վաճառվող երեխա գտնել: Երեք կանանց դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նյութերի համաձայն՝ 53-ամյա Գեղեցիկ Վ.-ն, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ալլա Հ.-ից տեղեկանալով երեխա որդեգրելու նրա մտադրության մասին, հավաստիացրել է, որ որդեգրել կարող է երեխային գնելուց հետո, որի համար կպահանջվի 15.000 ԱՄՆ դոլար:
25-ամյա Աննա Է.-ն 2013թ. հուլիսին Գեղեցիկ Վ.-ից տեղեկանալով վերջինիս ծանոթ Ալլա Հ.-ի կողմից գնելու եղանակով երեխա որդեգրելու նրա ցանկության մասին, հայտնել է իր պատրաստակամությունը նշված գործում նրանց օժանդակելու համար: Իսկ 29-ամյա Սերինե Ա.-ն, իր համագյուղացի Աննա Է.-ից տեղեկացել է, որ վերջինիս մտերիմ Գեղեցիկ Վ.-ի ծանոթ Ալլա Հ.-ն ցանկություն է հայտնել 2.000 ԱՄՆ դոլարով գնել իր երեխա` Ռիմա Ա.-ին:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենգրքի 168 հոդվածի 1-ին մասով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Գեղեցիկ Վ.-ն եւ 25-ամյա Աննա Է.-ն կալանավորվել են, իսկ Սերինե Ա.-ն ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը դատարան է ստացվել հունվարի 22-ին եւ քննվելու է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























