Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ինտերնետը Աստծո պարգեւ է անվանել, որը հեշտացնում է երկխոսությունը մարդկանց միջեւ, բայց երբեմն կարող է խոչընդոտներ հարուցել կենդանի շփման համար:

«Դա իրականում օգտակար բան է, Աստծո պարգեւ: Այդուհանդերձ մշտապես համացանցում գտնվելու ցանկությունը կարող է մեզ մեկուսացնել հարազատ մարդկանցից: Կենդանի շփումը թվային տեխնոլոգիաների դարում նման է ցավը թեթեւացնող բալզամի կամ սիրտն ուրախացնող լավ գինու»,-ասված է ուղերձում, որտեղ պոնտիֆիկը մտորում է, թե ինչ առավելություններ ու վտանգներ է իր մեջ թաքցնում թվային տեխնոլոգիաների դարը:

Նրա խոսքով՝ ինտերնետը տարբեր մշակույթների պատկանող մարդկանց իրար հանդիպելու եւ ընդհանուր լեզու գտնելու հսկայական հնարավորություններ է տալիս: «Երկխոսություն հաստատել, նշանակում է հավատալ, որ դիմացինդ ասելու բան ունի եւ ի գիտություն ընդունել այս կամ այն տեսակետը: Լինել երկխոսության մեջ չի նշանակում հրաժարվել սեփական գաղափարներից ու սովորություններից:

Մտածել, որ դրանք (սեփական գաղափարներն ու սովորությունները) միակ ճիշտն են, նշանակում է խաբեության մեջ լինել»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով AP-ն: