Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ հանցակազմ չկա եւ բացակայում է դիմողի բողոքը: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչ պարզվեց Դավիթ Նավասարդյանի մեքենայում հայտնաբերված կանեփանման զանգվածի մասով, այն թմրանյութ է, թե ոչ, երիտասարդը թմրանյութ օգտագործել էր, թե ոչ:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է,   «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա եւ գնաց:

Ոստիկանության  Մարաշի բաժանմունքի ծառայողների եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Բաբայան փողոցից, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Ն.-ն եւ նրան պատկանող «Պորշ Կայեն»   մակնիշի ավտոմեքենան, ինչպես  եւ ավտոմեքենայի ուղեւորներ` 1985 թ. ծնված Ա. Թ.-ն, 1985 թ. ծնված Ա. Ն.-ն եւ 1985 թ. ծնված Դ. Ա.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Վարդանանց փողոցի թիվ 78 հասցեում գտնվող  տոնավաճառում Դավիթ Ն.-ն վիճաբանության մեջ է մտել 1991 թ. ծնված Անդրանիկ  Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել Դավիթ Ն.-ին եւ պատճառել վնասվածքներ:

Դ. Ն.-ին պատկանող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է   դանակ` ընդհանուր 20 սմ երկարությամբ, շեղբը` 9 սմ, բռնակը` 10 սմ եւ կաթուցիչ (պիպետկա), որի մեջ առկա է 0,01 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգված:

Նույն օրը, ժամը 19.30-ին, Անդրանիկ  Ս.-ն ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: