Հոնկոնգի կառավարությունը որոշել է այլ երկրների օրինակին հետեւելով իրականացնել մաքսանենգ  փղոսկրի ոչնչացման զանգվածային ակցիա:

Իշխանությունները որոշում են կայացրել այրել փղոսկրից պատրաստված զարդերի ու փղերի ժանիքների աշխարհի խոշորագույն խմբաքանակը՝ մոտ 28 տոննա: Այդկերպ նրանք փորձում են ազդանշել, որ «չեն հանդուրժի, որ մեգապոլիսում զարգանա ապօրինի առեւտուրն ու մաքսանենգությունը»:

Հաղորդվում է, որ ոչնչացման ենթակա ժանիքները պետք է մասերի բաժանվեն ու այրվեն հատուկ վառարաններում՝ 800-1000 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Այդ գործընթացը փուլերով է իրականացվելու ու կարող է տեւել 1-2 տարի: Փղոսկրի փոքր հատվածը կթողնվի «գիտական  ու կրթական նպատակների» համար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Նշենք, որ փղոսկրի վաճառքն ամբողջ աշխարհում արգելված է 1989-ից ի վեր: