Արարատի մարզի Հնաբերդ գյուղի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանը, ում աշխատանքից հեռացրել էին երկու նկատողության համար, ՀՀ Վարչական դատարանում հայց է ներկայացրել Արարատի մարզպետարանի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անժելա Մեջլումյանը:

«Հունվարի 20-ին դիմել եմ Վարչական դատարան, որպեսզի նկատողություններս անվավեր ճանաչեն եւ աշխատանքս վերականգնեն»,նշեց նա:

Դատարանն արդեն հայցի օրինակն ուղարկել է մարզպետարան: Նախկին տնօրենն արձագանք դեռ չի ստացել. «Մարզպետարանից ինձ չեն զանգել, բայց հաստատ գիտեմ, որ տեղեկացվել են սպասվելիք դատավարության մասին»:

Վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ եւ մի քանի օրից պարզ կլինի, թե երբ է լինելու դատական նիստը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին խմբագրություն էր զանգահարել Հնաբերդի դպրոցի ուսուցիչներից մեկը, որը խնդրել էր չհրապարակել իր անունը, եւ հայտնել էր, որ դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից անհիմն հեռացրել են եւ դպրոցի տնօրենի պաշտոնակատար են նշանակել Վարսիկ Եղիազարյանին, որն ուսուցչի խոսքով՝ գյուղապետ Պողոսյան Մարատի սիրուհին է։ Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը այս տեղեկությունը հերքել էր: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ էին հայտարարել: