Ինչպես ցույց է տվել վերլուծությունը, ժամանակակից մարդկանց մոտ հաճախ կուզ է առաջանում, նրանք սկսում են դանդաղ քայլել ու կորցնում են հավասարակշռությունը: Պատճառը բջջային հեռախոսների ու այլ գաջեթների հաճախակի օգտագործումն է:

Հետազոտողները խնդրել են 26 կամավորների քայլել առանց հեռախոսների, հետո հեռախոսով՝ հաղորդագրություն կարդալով կամ գրելով: Մարդկանց մարմնի դիրքին եւ նրանց շարժումներին հետեւում էր համակարգիչը: Պարզվում էր, որ տեքստ հավաքելու ընթացքում փոխվում էր կեցվածքն ու քայլվածքը: Առաջ թեքված գլխով մարդիկ, ովքեր հաղորդագրություն էին գրում, չէին կարողանում ուղիղ գծով քայլել, հաճախ էին կորցնում հավասարակշռությունը: Բացի դրանից, այդ դիրքում պարանոցի ողերը հավելյալ ծանրաբեռնվում էին մոտ 15 կիլոգրամով: Լարվում էին պարանոցի եւ ուսերի մկանները:

Բժիշկ Սիոբան Չաբրունը Քվինսլենդի համալսարանից մեկնաբանում է. «Այս ամենը հեռանկարում ազդում է ոչ միայն մարդու առողջության վրա, այլ նաեւ նրա անվտանգության վրա: Ուստի քայլելիս պետք չէ բջջային սարքավորումներ օգտագործել»,- հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով The Telegraph-ին:

Ֆիզիոթերապեվտներն արդեն նշում են հատուկ վնասվածքի մասին, որը կապված է բջջային հեռախոսի երկարատեւ օգտագործման հետ: Իսկ Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց 83 տոկոսը բողոքում է ձեռքի կամ պարանոցի ցավերից հաղորդագրություն հավաքելու ժամանակ: SMS գրելու ընթացքում նրանք հաճախ նաեւ պահում են շնչառությունը, սրտի աշխատանքն արագանում է: