Թայվանի նախագահի նստավայրին հունվարի 25-ի առավոտյան 35-տոննանոց բեռնատար է բախվել:
Բեռնատարը ճեղքել է պարիսպը եւ փամփշտակայուն հատուկ էկրանը, բարձրացել մի քանի աստիճան եւ կանգ առել միայն շենքի անմիջապես մուտքի առաջ, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Թայվանի նախագահ Մա Ինցզյուն միջադեպի պահին գրասենյակում չի եղել. Նա պաշտոնական այցով գտնվում է Աֆրիկայի երկրներից մեկում:
Միջադեպի հետեւանքով` ուժեղացվել են անվտանգության միջոցները, հայտարարել է նախագահի մամուլի ծառայության ղեկավարը:
Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը բախման հետեւանքով վերքեր է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Հաղորդվում է, որ այդ մարդու ազգանունը Չանգ է, եւ նախկինում նա արդեն հայտնվել էր ոստիկանության տեսադաշտում:
Ոստիկանության ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Չանգը, ըստ նախնական վարկածի, հատուկ է այդ քայլին դիմել: Չանգն առայժմ հրաժարվում է պատասխանել քննիչների հարցերին:




























