Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու վերաբերյալ հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգել է մինչեւ 2014 թ. փետրվարի 8-ը:

Հայտերն ընդունվում են ՀՀ ոստիկանության պետի 2013 թ. ապրիլի 29-ի «Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով հասարակական միավորումների կողմից ներկայացվող հայտերը ոստիկանության կողմից ընդունելու, քննարկելու, թեկնածուներին ընտրելու կարգը սահմանելու մասին» թիվ 9-Ն հրամանի պահանջների համաձայն:

Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող այն հասարակական միավորումները, որոնք ունեն առնվազն երեք ամսվա գործունեություն:

Յուրաքանչյուր հասարակական միավորում հայտ կարող է ներկայացնել միայն մեկ լիազոր ներկայացուցչի համար:

Հասարակական միավորման կողմից հայտ չի կարող ներկայացվել այն ներկայացուցչի համար, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ եւ (կամ) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված հիվանդություններից որեւէ մեկով: Հիշյալ պահանջների ապահովման համար պատասխանատու են հայտը ներկայացնող հասարակական միավորման ներկայացուցիչը եւ հասարակական միավորման գործադիր մարմնի ղեկավարը: