Ամերիկյան Աթունա քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա ռուսաստանցի երիտասարդին՝ պայթուցիկ սարք պահելու համար, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

19-ամյա Վլադիսլավ Միֆտախովը ձերբակալվել է ուրբաթ երեկոյան: Ոստիկանության տվյալներով՝ նրան պայթուցիկ սարք պահելու մեղադրնք է ներկայացվել, որը ոստիկանությունը համարել է «զանգվածային ոչնչացման զենք»:

Բացի այդ, նրա մեղադրվում է այլ մարդկանց կյաքնի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելու, արգելված զենք եւ պայթուցիկ սարք եւ թմրանյութեր պահելու  մեջ:

Ներկայումս Միֆտախովը կալանավորված է Blair County Prison հաստատությունում: Altoona Mirror պարբերականի տվյալներով՝ շաբաթ առավոտյան դատարանը որոշել է նրա գրավի չափը՝ 500 հազար դոլար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Պայթուցիկ սարքը իրավապահները գտել են մեկ այլ գործի շրջանակներում կատարված հետաքննության արդյունքում: Ռումբը եղել է Միֆտախովի ճամպրուկում, որտեղ եղել են նաեւ ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ այլ նյութեր: Ոստիկանության տվյալներով՝ Միֆտախովը քննիչներին ասել է, որ պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր դետալները ինքը ձեռք է բերել ինտերնետի միջոցով, վերջին շաբաթների ընթացքում: