Բուրյաթիայի Շաբուր գյուղում ողբերգության լուրը ալիքի պես տարածվել է երկրում: Հունվարի 16-ին տեղի 48-ամյա ղեկավար Յուրի Չուկլովին գտել են կախված վիճակում սեփական տան բակում: Մահից առաջ թողած երկտողում միայն մի քանի բառեր են. «Ներում չկա ինձ: Երեխաներ, հոգ տարեք մայրիկի մասին: Երջանիկ եղեք»:

Տեղի չափանիշներով  Շաբուրն աղքատ գյուղ է: Տեղի բնակիչներն ասում են, բյուջեն բավականացնում էր միայն կաթսայատունը պահելու եւ աշխատակիցներին վճարելու համար: Չուկլովը, ով 28 տարի ածխի հանքում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում, համոզված էր, որ ի վիճակի է բարեկարգել հայրենի գյուղը, սակայն ուժերը ճիշտ չէր հաշվարկել:

Գյուղապետի պաշտոնում նա ընտրվել է անցյալ տարի աշնանը: Հաղթել էր ձայների 62 տոկոսի առավելությամբ, քանի որ համագյուղացիները նույնպես հավատում էին՝ Չուկլովի նման ակտիվիստ, սպորտսմեն մարդը կարող է բարեկարգել իրենց կյանքը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ոգեւորված գյուղապետը գործի էր անցել՝ ջանք չխնայելով: Սակայն նախքան նա պաշտոնի անցավ, ադմինիստարցիայում քաոս էր տիրում: Գյուղապետը խրվեց առօրյա գործերում, սակայն չկարողացավ իրագործել իր ծրագրերն ու դեպրեսիայի մեջ ընկավ:

Տեղի բնակիչների խոսքով՝Չուկլովը, նախքան գյուղապետի պաշտոնը զբաղեցնելը, ընտանիքի երջանիկ հայր էր, ընկերների կողմից սիրելի: Հետաքննչական կոմիտեն շարունակում է պարզել կատարվածը: Գյուղապետի ինքնասպանության վարկածը ոչ հաստատվել է, ոչ էլ ժխտվել: